Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության մասնակցությամբ: Քննարկված հարցերի շարքում առանձնակի ուշադրություն է դարձվել բանակի պարենային եւ իրային ապահովման, կոմունալ շինարարության հիմնախնդիրներին: Նախագահ Սահակյանն իր խոսքում կարեւորել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր որակ հաղորդելու եւ երկարաժամկետ ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը լուրջ խթան կհանդիսանա ամբողջ պետության տնտեսական զարգացման եւ երկրի ներուժի արդյունավետ օգտագործման համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: