Շնորհավորական ուղերձ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին: Ուղերձում ասված է. "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն ըստ ամենայնի կծառայեն Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների արդյունավետ լուծման եւ հետագա զարգացման գործին: Արցախում բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում եւ համոզված ենք, որ Ձեր նախագահության տարիներին էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն մեր երկու բարեկամ ժողովուրդների ավանդական կապերը` մեծապես նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը եւ մեր երկրների զորացմանը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում հաջողություններ` այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում, իսկ Իրանի ժողովրդին` խաղաղություն ու բարգավաճում":