Նախագահ Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2013թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման եւ քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի նախագծի մշակման հետ կապված հարցերը: Բերքահավաքն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2013թ. հունիսի 15-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձեւավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ եւ առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության Նախագահին: Անդրադառնալով օրակարգում ընդգրկված երկրորդ հարցին` երկրի ղեկավարը կարեւորել է քաղաքացիական պաշտպանության ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգի ձեւավորումը պետության անվտանգության ապահովման գործում եւ կառավարությանը հանձնարարել ապահովել նախագծի լրացուցիչ քննարկումը շահագրգիռ մարմինների հետ ու լրամշակված տարբերակը ներկայացնել հանրապետության Նախագահի հաստատմանը: