Այցելություն «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի շինհրապարակ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Երկրի ղեկավարը կարեւորել է ազգային նշանակություն ունեցող օբյեկտների պահպանման անհրաժեշտությունը` նշելով, որ հուշարձանի բարեկարգ ու հարմարավետ տարածքը ժամանցի լավ վայր կհանդիսանա ինչպես մեր բնակչության, այնպես էլ Ստեփանակերտ ժամանող հյուրերի ու զբոսաշրջիկների համար: Նախագահ Սահակյանը նաեւ համապատասխան հանձնարարականներ է տվել բարեկարգման աշխատանքների եզրափակիչ փուլը պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու ուղղությամբ` պահպանելով նշված ժամկետներն ու բարձր որակը: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: