Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
<<Խոր ցավով տեղեկացա Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Զաքարի Անանյանի վաղաժամ մահվան մասին:
Լեւոն Անանյանը մեծ հայրենասեր էր եւ պատկանում էր հայ ժողովրդի այն զավակների շարքին, ովքեր անմնացորդ նվիրվել են հայրենիքին ծառայելու, նրա հոգսերով ապրելու, հարազատ երկիրը համայն աշխարհին ներկայացնելու պատվաբեր առաքելությանը:
Անգնահատելի է Լեւոն Անանյանի ներդրումը հայ գրականության զարգացման գործում: Նրա բազմաթիվ արժեքավոր ստեղծագործություններն արդեն իսկ իրենց արժանի տեղն են զբաղեցրել հայ դասականների շարքում:
Լեւոն Անանյանը մեծ հարգանք ու պատիվ է վայելում նաեւ Արցախում, որտեղ մեծ գրողին գիտեն որպես ազգային-ազատագրական պայքարի երախտավորի, ով ակտիվ աշխատանք է տարել միջազգային մշակութային շրջանակներում արցախյան հիմնախնդիրն արդարացիորեն ներկայացնելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելի դարձնելու ուղղությամբ:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում արիություն ու ոգու կորով:
Լեւոն Անանյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում>>:
2013-09-03