
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին Լիոն քաղաքում մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ հիմնադրամի այս մասնաճյուղը համարվում է Ֆրանսիայի հայ համայնքի կարեւորագույն կառույցներից մեկը, որն իր ստեղծման առաջին իսկ օրից ակտիվ մասնակցություն է ունենում Հայրենիքին սատարելու եւ Արցախի շենացման ու զորացման գործում:
Երկրի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ազգանպաստ գործունեության 20-ամյակի կապակցությամբ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնին պարգեւատրել է <<Երախտագիտություն>> մեդալով:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմակեսը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, ֆրանսիական Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, պաշտոնատար այլ անձինք:
2013-10-11