Հանդիպում Ֆրանսիայի Վիեն քաղաքի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ժակ Ռեմիյեի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Վիենի եւ մեր հանրապետության մի շարք քաղաքների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել քույր քաղաքների գաղափարի իրագործմանը, առողջապահության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է համագործակցության այս ուղղությունը` նշելով, որ դրա իրականացումը յուրովի խթան կհանդիսանա մեր հանրապետության տարբեր քաղաքների զարգացման եւ առաջատար երկրների հետ կապերի խորացման գործում: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ժակ Ռեմիյեին Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակում ակտիվ մասնակցություն ունենալու եւ մեր երկրին մշտապես սատարելու համար: Հանդիպմանը մասնակցում էին առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: