Արցախի Հանրապետության Նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին պաշտպանության բանակի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության վիճակին եւ ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել եւ մնում է պետության ու պաշտպանության բանակի հիմնական խնդիրը, ինչի արդյունավետ իրականացման ուղղությամբ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ ԼՂՀ կառավարությանը: Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ Նախագահը ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ ապահովել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների պատշաճ մակարդակով անցկացումը: