Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը` ֆրանսիական Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը եւ դրա համար առկա բավարար ներուժը: Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության համար <<Երախտագիտություն>> մեդալ է հանձնել ֆրանսահայ բարերար Արամ Ջաբուրյանին` հույս հայտնելով, որ բարերարը նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: