Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան: Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական փուլին: Զորավարժությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտպանության բանակի մարտունակության պատշաճ մակարդակի պահպանումը եւ նրա հետեւողական բարձրացումը հանդիսանում է մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը Արցախի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ: Այնուհետեւ Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքի ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգման ընթացքին վերաբերվող հարցերին: Գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները: Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է աշխատանքներն իրականացնել բարձր որակով եւ նախատեսված ժամկետներում՝ հավելելով, որ գործընթացը գտնվելու է իր անմիջական հսկողության ներքո: