Զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման արարողություն Պատարա գյուղում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ եւ այնտեղ մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված պատարացիների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է հայրենիքի ազատության ու անկախության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող նման կոթողի կառուցումը եւ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում ջանքերով իրականացվել է այդ ազգանպաստ նախաձեռնությունը: Բակո Սահակյանը նշել է, որ Պատարա գյուղի բնակիչներն անձնվիրաբար մարտնչել են Արցախի բոլոր ճակատներում, իրենց դրսեւորել որպես խիզախ ու քաջարի մարտիկներ եւ այսօր էլ ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում: Նա վստահություն է հայտնել, որ գյուղի բնակիչները նման եռանդով կշարունակեն ապրել եւ աշխատել` ի փառս մեր պետության ու ժողովրդի: Նախագահը պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների: Միջոցառումանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: