Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
<<Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ,
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ազգային անվտանգության մարմինները մեր հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են, որոնց գործունեության շնորհիվ է նաեւ ապահովվում անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: Դա ամենօրյա լարված, սկզբունքային ու հետեւողական աշխատանք է, որը պահանջում է բարձր արհեստավարժություն եւ անմնացորդ նվիրվածություն հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Այդ իսկ պատճառով իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում համակարգի առջեւ ծառացած խնդիրները եւ անում են հնարավորը ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Թանկագին բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին>>:
2013-12-20