Խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին: Հատուկ ուշադրություն է դարձվել բերքահավաքի եւ բնական աղետներից տուժած տարածքների հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու գործընթացներին: Համապատասխան տեղեկատվություններով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը եւ շրջվարչակազմերի ղեկավարները: Կարեւորելով բերքահավաքի անկորուստ իրականացումը, բնական աղետների հետեւանքների հնարավորինս արագ վերացումն ու փոխհատուցման տրամադրումը՝ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: