Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ պարգեւատրվածներն իրենց անձնվեր աշխատանքով, մեր երկրի սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական կյանքում ունեցած ակտիվ մասնակցությամբ արժանի ավանդ են բերում նրա հետագա զարգացման գործում: Հենց նման մարդկանց շնորհիվ ենք մենք կարողանում հասնել հաղթանակների, զարգացնել տնտեսությունը, շենացնել մեր հայրենիքը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել բոլորին, շնորհավորել պետական պարգեւներով պարգեւատրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նույն եռանդով ու նվիրվածությամբ նրանք կշարունակեն այսուհետ էլ ծառայել հարազատ Արցախի բարգավաճմանն ու զորացմանը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների խոսնակներ Հովիկ Աբրահամյանն ու Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
2012-09-01