Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ցավակցական նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ:
Նամակում ասված է.
<<Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խոր վշտով ընդունեցինք Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան բոթը, որը ծանր կորուստ է հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնյա աշխարհի համար:
Ամենապատիվ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը մեծ ավանդ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու զորացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման, ինչպես նաեւ` միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում:
Մեծ է նրա ներդրումը նաեւ հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու եւ Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման հարցում:
Ընդունեք իմ խորին ու անկեղծ ցավակցությունը: Այս ծանր պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը եւ իշխանությունները Ձեզ հետ միասին կիսում են անդառնալի կորստի ցավն ու վիշտը>>:
2012-10-15