Հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Նախագահն ուսանողներին ներկայացրել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող խնդիրներ եւ պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին: Երկրի ղեկավարը կարեւորել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պարբերական այցելությունն Արցախ` այն համարելով պահանջված եւ տեսական, եւ պրակտիկ գիտելիքների խորացման տեսանկյուններից: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: