Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած հայազգի հանրահայտ բարերար Միքայել Արամյանցի ծոռ Ալեքսանդր Զանոեֆֆին` տիկնոջ հետ եւ գրող Վահե Աթանեսյանին:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Միքայել Արամյանցի գործունեությունը, նշելով, որ նա եղել է եւ աշխարհահռչակ ձեռներեց, եւ ազգային բարերար, ով մեծապես նպաստել է հարազատ ժողովրդի առջեւ ծառացած մշակութային, քաղաքական եւ սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծմանը: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարեւորել է Միքայել Արամյանցի ծննդյան 170-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպումը համապետական մակարդակով եւ երախտագիտություն հայտնել գրող Վահե Աթանեսյանին` մեծ բարերարի կյանքին նվիրված աշխատության համար: Նախագահն ընդգծել է, որ ազգի մեծերին հիշելը եւ նրանց ավանդի արժանի գնահատումը հանդիսանում է հայրենասիրական դաստիարակության կարեւորագույն բաղադրամասերից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
2013-05-01