Այցելություն Ստեփանակերտոմ գտնվող նորակառույց բնակելի շենք եւ շինանյութերի արտադրամաս
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող նորակառույց բնակելի շենք եւ ծանոթացել նրա պայմաններին: Բակո Սահակյանը բնակարանաշինությունը համարել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր ուղղություններից մեկը՝ նշելով, որ այս գործընթացը կկրի շարունակական բնույթ, եւ այսուհետ էլ նման հարմարավետ բնակարաններ կկառուցվեն հանրապետության տարբեր բնակավայրերում: Այնուհետեւ Նախագահն այցելել է <<Սուր-Նարեկ>> ՍՊԸ շինանյութերի արտադրամաս եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման արտադրամասերի առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: