Նախագահ Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի <<Հեռուստամարաթոն-2014>>-ի շրջանակներում համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ողջ անձնակազմին` մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին: Երկրի ղեկավարը Ֆրանսիայի հայ համայնքը համարել է Սփյուռքի ամենակազմակերպված հատվածներից մեկը, որը միշտ յուրահատուկ ակտիվությամբ է հանդես եկել Արցախին սատարելու, Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու եւ համազգային ծրագրերն իրականացնելու գործում: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մի խումբ պետական պաշտոնյաներ: