Հանդիպում <<Երկրապահ կամավորականների միության>> պատվիրակության հետ
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած <<Երկրապահ կամավորականների միության>> (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակի, բանակ-հասարակություն կապի, ԵԿՄ եւ Արցախի ազատամարտիկների միության փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը կարեւորել է <<Երկրապահ կամավորականների միության>> անդամների պարբերական այցելություններն Արցախ եւ սահմանգիծ՝ նշելով, որ նրանք մեծապես նպաստում են հայրենիքի պաշտպանների տարբեր սերունդների միջեւ ամուր կապերի պահպանմանը եւ զինվորական ավանդույթների ամրապնդմանը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը: