Հանդիպում Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնման նախագծին: Երկրի ղեկավարը կարեւորել է այս նախաձեռնության նշանակությունը` մշակութային, ճարտարապետական եւ հայրենասիրական դաստիարակության տեսանկյուններից: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Երեւանի քաղաքապետարանին այս ձեռնարկի իրականացմանն ակտիվորեն մասնակցելու համար` որակելով դա որպես համագործակցության լավագույն օրինակներից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, <<Արցախի ազատամարտիկների միություն>> հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: