Արայիկ Հարությունյանը հանձնարարել է մեխանիզմներ մշակել ճանապարհային երթևեկությանն առնչվող որոշ տուգանքների ներման ու փոխհատուցման համար
Մայիսի 27-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ճանապարհային երթևեկությանը և հասարակական կարգի պահպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Քննարկվել են ճանապարհարհային երթևեկության կանոնների ու հասարակական կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները, առկա իրավիճակն ու հիմնախնդիրները: Նախագահը պահանջել է խիստ ու սկզբունքային լինել իրավախախտումների կանխարգելման և արձագանքման հարցում՝ միևնույն ժամանակ բացառելով ուժի անհամաչափ կիրառման որևէ դեպք: Նա ընդգծել է, որ հարկ է հաշվի առնել նաև հետպատերազմյան հոգեբանական առանձնահատկությունները և արհեստավարժ մոտեցումներով իրականացնել ծառայությունը: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին ուսումնասիրել և մեխանիզմներ մշակել պատերազմյան ու հետպատերազմյան որոշակի ժամանակաշրջանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքների ու տույժերի ներման ու փոխհատուցման համար: