Նախագահ Սահակյանն այցելել է ՀՀ՝ Արցախին սահմանամերձ տարածքում տեղակայված մի շարք ստորաբաժանումներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ԼՂՀ եւ ՀՀ զինված ուժերի <<Միասնություն-2014>> համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում այցելել է Հայաստանի Հանրապետության՝ Արցախին սահմանամերձ տարածքում տեղակայված մի շարք ստորաբաժանումներ եւ ծանոթացել դրանց զինանոցում առկա ժամանակակից ռազմական տեխնիկային: Նախագահը կարեւորել է երկու հայկական պետությունների համագործակցությունը բանակաշինության ոլորտում՝ այն համարելով անկախ հայոց պետականության առանցքային բաղադրամասերից մեկը: Նախագահին ուղեկցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ: