
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2013թ. արդյունքների ամփոփմանը:
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ բանակաշինությունը եղել է, կա եւ կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանում տիրող իրավիճակին` Նախագահ Սահակյանը նշել է, որ Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի ռեժիմը, սպառնալիքներ հնչեցնել Արցախի եւ Հայաստանի հասցեին, ոտնահարել միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները` հավելելով, որ հակառակորդի նման պահվածքի պայմաններում մենք պետք է լինենք ավելի զգոն, նախաձեռնությունը մշտապես պահենք սեփական ձեռքերում՝ միեւնույն ժամանակ չենթարկվելով սադրանքների:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
2014-01-17