Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է 2015թ. մայիսի 3-ին
կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Իսրայելից, Հունգարիայից, Չեխիայից, Բելգիայից, Էստոնիայից, Մեքսիկայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Զիմբաբվեից, Հարավային Օսիայից եւ Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ դիտորդների:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը եւ քաղաքացիական հասարակության կայացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր: 
Նախագահ Սահակյանն ընտրությունները համարել է ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչներից մեկը՝ նշելով, որ ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը միշտ էլ եղել է մեր երկրի նշանակալի ձեռքբերումներից մեկը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է քաղաքակիրթ աշխարհի հետ իր հարաբերությունները խորացնելու մեջ` այս գործընթացում առանձնակի կարեւորելով պետականաշինության տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը:
2015-05-02