Նախագահ Սահակյանը մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է. <<Արցախի Հանրապետության պետականաշինության գերխնդիրներից է անվտանգության կենսունակ համակարգի ձեւավորումը եւ պահպանումը: Այն նաեւ համայն հայության կարեւորագույն առաջադրանքներից մեկն է, որի իրականացման համար ջանք ու եռանդ չեն խնայում Մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք է իրականացվում նաեւ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի խողովակներով>>: Նախագահն առաջարկել է <<Հեռուստամարաթոն-2017>>-ի ծրագրում ներառել խորքային հորերի հորատման, նոր ոռոգման ցանցի կառուցման եւ արեւային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը: Նախագահ Սահակյանի բնութագրմամբ՝ ժամանակակից ոռոգման ցանցի կառուցումը նոր որակ կհաղորդի Արցախի պարենային անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, կնպաստի գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը, մշտական ու երաշխավորված աշխատատեղեր կապահովի շրջաններում: Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2017 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում: