Հանդիպում ՀՀ ԱԺ պատվիրակության հետ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արա Բաբլոյանին եւ պատվիրակության անդամներին Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու եւ պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը կշարունակի ընդլայնել ու խորացնել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ արդեն իսկ ձեւավորված սերտ համագործակցությունը: