Խորհրդակցություն Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների շուրջ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաք Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների շուրջ: Զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ Ստեփանակերտի <<Ջրմուղ-կոյուղի>> ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանը: Երկրի ղեկավարն անթույլատրելի է համարել ներկայիս իրավիճակը եւ հանձնարարել հնարավորինս կարճ ժամկետում ձեռնարկել բոլոր միջոցները մայրաքաղաքի բնականոն ջրամատակարման վերականգնման ուղղությամբ: Բակո Սահակյանն ընդգծել է մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման շտաբի գործունեության ակտիվացման եւ Ստեփանակերտի քաղաքապետարանում թեժ գծի շուրջօրյա աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը, որի միջոցով քաղաքացիները կտեղեկացվեն ջրամատակարարման հստակ ժամանակացույցի մասին: Աշխատանքների համակարգման եւ միջոցառումների վերահսկողության իրականացումը հանձնարարվել է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին: